Ադրբեջանի հետ համատեղ Տրանսատլանտյան գազամուղի (TANAP) կառուցումը Թուրքիայի համար էներգետիկական ոլորտում ամենակարեւոր ռազմավարական քայլն է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նրա խոսքով՝ «TANAP նախագծում Ադրբեջանի էներգապաշարները եւ Թուրքիայի աշխարհագրական դիրքը միավորվել են եւ ուժեղացրել առեւտրային հարաբերությունները»:
Դավութօղլուն նշել է, որ Ադրբեջանում արտասահմանյան ներդրումների մեծ մասը բաժին են ընկնում Թուրքիային: Միաժամանակ Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում վերջին ժամանակներս աճել են 80%-ով: Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը վերջին հինգ տարիներին աճել է հինգ անգամ:
Ներկայումս TANAP-ի 20% մասնաբաժինը պատկանում է թուրքական BOTAS-ին, SOCAR-ին է պատկանում 80%-ը: SOCAR-ը մտադիր է իրեն թողնել նախագծի 51% մասնաբաժին: 20%-ը կմնա Թուրքիային, հայտնում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ TANAP նախագիծը ենթադրում է գազամուղի շինարարություն Թուրքիայի արեւելյան սահմանից մինչեւ արեւմտյան սահման ադրբեջանական «Շահ Դենիզ» ծովային հանքավայրից Եվրոպա գազ առաքելու համար: TANAP-ի իրագործման միջկառավարական համաձայնագիրը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվել էր հունիսի 26-ին:
Գազամուղի նախնական թողունակությունը, ինչպես սպասվում է, կկազմի տարեկան 16 միլիարդ խմ: Շուրջ 6 միլիարդ խմ կմատակարարվի Թուրքիային, իսկ մնացածը՝ Եվրոպային:





























