Ռուսաստանում պաշտպանության նախարարության եւ դրա ենթակա «Օբորոնսերվիս» ընկերության շուրջ ծավալված սկանդալը չի հանդարտվում: Զինվորական գլխավոր դատախազությունը գերատեսչությունում կատարված մեքենայության նոր փաստ է բացահայտել: Պարզվում է, Մուրմանսկում իջեցված արժեքով՝ 240 մլն ռուբլով, նավթապահեստային համալիր է վաճառվել:
Բացի այդ, քննչական մարմիններին Մոսկվայում իջեցված՝ 350 մլն ռուբլի արժեքով, «Օբորոնսերվիս» ԲԲԸ-ի կառուցվածքում գտնվող «43 կենտրոնական փորձարարական արտադրական կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթը եւ գույքը վաճառելու փորձի փաստեր են ներկայացվել:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ իրավապահները ձերբակալել են ՌԴ ՊՆ ենթակա «Օբորոնսերվիս» ընկերության գույքի իրացման համար պատասխանատու ղեկավարներից մեկին: 3 մլն ռուբլու դիմաց ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատարն առաջարկում էր օբյեկտների գնի զգալի նվազեցում, վաճառքի ձեւակերպման գործընթացի «արագացում», գրում է utro.ru-ն:
Ինչպես հաղորդում է rbc-ն, սկանդալին խառն են նաեւ նախօրեին պաշտոնանկ արված նախարար Սերդյուկովի հարազատները: Ըստ օպերատիվ տվյալների՝ Ա. Սերդյուկովի քույր Գալինայի ամուսինը՝ Վալերի Պուզիկովը, 800 քմ մակերեսով քոթեջ է կառուցում այն տարածքում, որը պաշտպանության նախարարությանը հատկացվել էր Սեւ ծովի ափին ՌՏԿ եւ այլ օբյեկտներ կառուցելու նպատակով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքից հեռացրել էր պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին խոշոր սկանդալի պատճառով: Նա նշել էր, որ համապատասխան որոշումը կայացվել է անաչառ դատաքննություն ապահովելու համար:
Ավելի վաղ «Օբորոնսերվիս» հոլդինգի գույքի, հողատարածքների եւ բաժնետոմսերի իրացման մեքենայությունների գործով միանգամից հինգ քրգործ էր հարուցվել: Վնասը գերազանցել էր 3 մլրդ ռուբլին:
Նախօրեին հաղորդագրություն էր հայտնվել, որ սկանդալային գործի մասնակից Եվգենիա Վասիլեւան, որի տան խուզարկության ժամանակ եւ 3 մլն դոլարի թանկարժեք զարդեր էին հայտնաբերվել, լքել է Ռուսաստանը:





























