Այսօր  Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի մեծ սրահում կայացավ «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի մամլո ասուլիսը` նվիրված  «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի 6-րդ տարեդարձին հայաստանյան շուկայում:

Իր ելույթում Իգոր Կլիմկոն խոսեց երկրի տնտեսության մեջ «ՎիմպելԿոմ»-ի ներդրումներն արտացոլող ցուցանիշների մասին, ներկայացրեց հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքները: Գլխավոր տնօրենը ներկայացրեց նաեւ ընկերության գործունեությունն ինչպես վերջին վեց, այնպես Էլ վերջին երեք տարիների ընթացքում: 

Մասնավորապես նշվեց, որ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի կողմից իրականցված ուղիղ ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ սկսված 2006թ-ից առ այսօր կազմում է գրեթե 327 մլն. դոլար: Բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը վերջին 6 տարիներին գերազանցել է 97 մլրդ. դրամ, որից ավելի քան 53 մլրդ. դրամ վճարվել է 2009-2012 թ-ին:

Վերջին երեք տարիների ընթացքում «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրել է ավելի քան 1.1 մլրդ. դրամ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում իրականացնելով ավելի քան 130 ծրագիր` ուղղված կրթության, առողջապահության, սպորտի, երտասարդների մշակութային եւ հայրենասիրական դաստիարակման ոլորտներին:

Ներկայացնելով անցած տարիների աշխատանքների արդյունքները, ընկերության ղեկավարը հայտարարեց հետագա ծրագրերի մասին: Ելնելով շուկայի աճող պահանջարկից «ԱրմենՏել»-ը մտադիր է կատարել լուրջ ներդրումներ ուղղված ընկերության բջջային եւ ֆիքսված կապի բաժանորդների սպասարկման որակի համակարգի բարելավմանը:

«Հայաստանում իմ աշխատելու առաջին իսկ օրից «ԱրմենՏել» ընկերության ուշադրության կենտրոնում է գտնվում սպասարկման որակի բարելավումը: Որպես ընկերության ղեկավար ես գիտակցում եմ պատասխանատվության այն մակարդակը եւ աշխատանքի այն ծավալը, որ պետք է իրականացնենք հայտարարելով մեզ համար շատ կարեւոր այս ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին: Ժամանակակից շուկայի սրընթաց զարգացման միտումը եւ միջազգային սպասարկման ոլորտի փորձը թելադրում է, որ հաջողության են հասնում միայն նրանք, ովքեր չեն բավարարվում կարճաժամկետ ձեռքբերումներով: Մեր նպատակն է լինել հնարավորինս մոտ յուրաքանչյուր մարդու, արագ եւ ճկուն արձագանքել շուկայի պահանջներին: Վստահ եմ, որ մեր հաճախորդները կաջակցեն այս նախաձեռնությանը», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Այս նպատակով «ԱրմենՏել»-ը նախատեսում է ավելացնել գրասենյակների քանակը, ինչպես նաեւ տրամադրել լրացուցիչ աշխատակիցներ առավել պահանջված ծառայությունների տեսակների համար:  

Ծրագրի շրջանակում կապի բոլոր տեսակներ տրամադրող գրասենյակների կողքին, ընկերությունը կբացի գրասենյակներ, որոնք կսպասարկեն միայն բջջային կապի բաժանորդներին: Այս քայլը թելադրված է ինչպես ընկերության հաճախորդների քանակի աճով, այնպես էլ ծառայությունների տեսակների ընդլայնումով:

Beeline բջջային կապի կենտրոնները կգտնվեն կապի բոլոր տեսակներ տրամադրող գրասենյակների կողքին: Ընկերության հաճախորդները, կախված իրենց հետաքրքրող ծառայություններից, հնարավորություն կունենան ընտրելու համապատասխան գրասենյակ: Ընկերությունը նախատեսում է նաեւ առավել ծանրաբեռնված ժամերին ավելացնել աշխատակիցների թիվը գրասենյակներում: Դա կօգնի մի քանի անգամ կրճատել սպասարկման ժամանակը եւ´ ունիվերսալ եւ´ բջջային գրասենյակներում

2012թ-ի նոյեմբերի սկզբին երեւանյան վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում «Ազատություն» (Ազատության 24), «Քանաքեռ» (Պ. Սեւակ 51) եւ  «Զեյթուն» (Սարկավագ 129/6) մեկնարկել է արդյունավետ սպասարկման թեստավորման փորձնական գործընթացը: Ծրագրի ավարտից եւ արդյունքների վերլուծությունից հետո, ծրագիրը կկիրառվի Beeline բոլոր գրասենյակներում: Ընկերությունը պլանավորում է ավարտել սպասարկման նոր չափանիշների ներդրումը հանրապետությունում 2013թ-ի կեսերին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաեւ Beeline նոր    վաճառքի եւ սպասարկման գրասենյակների բացում ողջ հանրապետությունում: