Թուրքիայում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականի անցնելը կհանգեցնի այդ երկրի մահմեդականացման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց թուրքագետ, Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:
Նման փոփոխությունների հիմքում կանգնած է Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով, ըստ թուրքագետի, լուծում է իր սեփական հարցերը:
«Մասնավորապես, եթե երկրի խորհրդարանն ընդունի այդ փոփոխությունները, ապա նախագահի ամենահավանական թեկնածուն կլինի հենց Էրդողանը: Դրանով, նա Թուրքիայի պատմության մեջ կմտնի որպես առաջին ուժեղ նախագահ, քանի որ այսօր գործող օրենքներով նախագահը դե յուրե լայն լիզորություններ չունի: Կառավարման նախագահական համակարգի անցնելու դեպքում երկրի նախագահը լայն լիազորություններ կստանա եւ կդառնա ոչ թե քեմալական, այլ իսլամական Թուրքիայի նախագահը: Էրդողանը կդառնա երկրորդ Քեմալ Աթաթուրքը, բայց արդեն իսլամական ուղղվածությամբ»:
Թուրքագետի գնահատմամբ, Թուրքիայի ներքին կյանքում զգալի փոփոխություններ տեղի կունենան, քանի որ երկրի խորհրդարանի դերը զգալիորեն կնվազի: Ներքին կյանքում էլ ավելի կմեծանա իսլամական բաղկացուցիչը: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա Մելքոնյանի ներկայացմամբ, արդեն իսլամական Թուրքիան կկարգավորի իր հարաբերությունները եւ կհամագործակցի արաբական երկրների հետ: «Այսպիսով, Թուրքիան կսկսի նոր համիդիզմի քաղաքականություն վարել, որը ենթադրում է սուննի մահմեդական երկրների միավորում Թուրքիայի դրոշի ներքո: Թուրքիայի նոր նախագահը կարող է հավակնել սուննի մահմեդական աշխարհի առաջնորդի դերին»,-ամփոփեց Ռուբեն մելքոնյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատասխանատուները նոյեմբերի 5-ի երեկոյան 22 կետից բաղկացած օրինագիծ են ներկայացրել խորհրդարան, որի համաձայն Թուրքիան պետք է դառնա նախագահական երկիր:
Թուրքիայի վարչապետ Բեքիր Բոզդաղը նշել է, թե «նախագահական համակարգում» էֆեկտիվ եւ արդյունավետ աշխատանք ապահովող գործառույթներ կան։ «Այդ պատճառով մենք գտանք, որ ճիշտ է՝ առաջիկա տարիները վեճերով անցկացնելու փոխարեն անցնենք նախագահական համակարգին»,-ասել է Բեքիր Բոզդաղը:
Նշենք, որ թուրքական մամուլում բազմիցս բարձրաձայնվել են, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է երկրի կառավարման համակարգը փոխել նախագահականի եւ ինքը դառնալ նախագահ։ Ըստ իշխող կուսակցության կանոնակարգի, Էրդողանն այլեւս չի կարող պատգամավոր ընտրվել, ուստի, ցանկանում է փոխել համակարգը եւ ժողովրդի կողմից ընտրվել նախագահ:





























