Վրաստանի իշխանությունները բացատրել են, թե ինչու է ձերբակալվել պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան, ով «բանտային սկանդալից» հետո հրաժարական էր տվել: Ինչպես հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին, պաշտոնյան ձերբակալվել է զինծառայողներին ծեծի ենթարկելու համար:
Հիշեցնենք, որ Ախալայայից բացի ձերբակալվել են նաեւ եւս երկու պաշտոնյաներ`Վրաստանի զինված ուժերի Միացյալ շտաբի պետ Գեորգի Կալանդաձեն եւ 4-րդ բրիգադի հրմանատար Զուրաբ Շամատավան:
Ինչպես փոխանցում է «Գրուզիա- Online»-ը, դատախազի խոսքով, միջադեպը տեղի է ունեցել 2011 թ.-ի հոկտեմբերին: Այն ժամանակ Ախալայան Կալանդաձեի եւ Շամատավայի հետ միասին ֆիզիկական եւ բանավոր վիրավորանքներ են հասցրել 6 զինվորականների: Նրանցից մեկին նախկին նախարարը դանակով հարվածել է գլխին:
Այնուհետեւ տուժածներին տեղափոխել են Վիզիանի, որտեղ շարունակել են նրանց ֆիզիկական վիրավորանքների ենթարկել արդեն զինծառայողների շարքի առաջ: Դատախազը պարզաբանել է, որ ձերբակալությունը իրականացվել է հենց իրենց` ծեծի ենթարկվախծ զինծառայողների ցուցմունքի հիման վրա:
Ախալայայի փաստաբանը` Դավիթ Դեկանոիձեն պաշտոնյաների ձերբակալության փաստարկները «աբսուրդային» է անվանել: Նրա խոսքով, Ախալայան եւ Կալանդաձեն անգամ չեն ճանաչում այն անձանց, որոնց ցուցմունքների հիման վրա նրանց ձերբակալել են:
Նախկին իշխող կուսակցության «Միասնական զգային շարժման» ներկայացուցիչները պաշտոնյաների շուրջ ստեղծված իրավիճակը «քաղաքական դատաստան» են անվանել, որը ստեղծվել է նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի եւ պաշտպանության նոր նախարար Իրակլի Ալասանիայի կողմից:
Իր հերթին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտնել է, որ ձերբակալությունների մեջ քաղաքական դրդապատճառներ չի տեսնում: Ելնելով հանրության շրջանում ստեղծված բարձր հետաքրքրությունից` նա խոստացել է ուշադիր հետեւել այս գործին:





























