Համացանցում հայտնվել են ղազախական «Արքանկերգեն» ուղեկալի դեպքերի փաստով հարուցված քրեական գործի նյութերը, որտեղ այս տարվա մայիսի վերջին սպանվել էին 14 սահմանապահներ եւ տեղացի որսորդը: Նյութերը հրապարակել է Guljan.org կայքը, որը նյութերի հիման վրա եզրակացնում է, որ ուղեկալը դրսից է հարձակման ենթարկվել:

Հոդվածում քրեական գործից 4 էջ է մեջբերվել, որոնցում թվարկվում են դեպքի վայրում հայտնաբերված զենքերը եւ զինամթերքները: Եւս մեկ էջ նվիրված է որսորդ Ռուսլան Կիմի մարմնական վնասվածքների նկարագրությանը:

Սկզբնապես հաղորդնվել էր, որ Կիմն սպանվել էր գլխի կրակոցից, սակայն քրեական գործի նյութերում ասված է, որ  կոտրված էին նրա կողոսկրերը, ոտքը, իսկ մեջքին, կրծքավանդակին եւ ուսերին տեսանելի էին կապտուկներ, հայտնում է «lenta.ru»-ն:

Guljan.org կայքը խոստացել է ավելի ուշ հրապարակել տվյալ գործի այլ նյութեր եւս, եւ պնդում է, որ ուղեկալը հարձակման է ենթարկվել: 

Ըստ պաշտոնական վարկածի՝ սահմանապահներին եւ որսորդին սպանել է միակ ողջ մնացած սահմանապահ Վլադիսլավ Չելախը: Նա ձերբակալվել էր կատարվածից մի քանի օր անց: Հրապարակվել էին շարքայինի խոստովանական ցուցմունքները, ավելի ուշ, սակայն, կասկածյալը  դրանցից հրաժարվել էր: