Նահանգներում ընտրեցին նոր նախագահի, հիմա էլ պատրաստվում են նոր  փոթորկի:

Ամերիկյան ավիաընկերությունները հետաձգել են դեպի Նյու Յորք եւ այնտեղից կատարվող  բոլոր չվերթները: United Airlines-ը հետաձգել է 500 չվերթ՝ սկսած նոյեմբերի 7-ի կեսօրից:

American Airlines եւ American Eagle ընկերությունները Նյու Յորքում հետաձգել են 290 չվերթ եւ Ֆիլադելֆիայում աշխատանքները դադարեցրել են  մինչեւ նոյեմբերի 8-ը: 

Սպասվում է, որ «Նոսիսթեր»  փոթորիկը բերելու է  տեղատարափ անձրեւներ, հետո նաեւ՝  ձյուն, ուժեղ քամիներ եւ սառնամանիք:  Չնայած որ նոր փոթորիկն ուժգնությամբ  զիջում է «Սենդիին»՝ այն վտանգավոր է արդեն վնասված շինությունների համար: Բացի դրանից, հազարավոր մարդիկ դեռեւս մնում են  առանց էլեկտրականության: 

Ինչպես հայտնում է «pravda.ru»-ն, Նյու Յորքում տարերքի պատճառով կրկին տարհանվել են մի քանի թաղամասեր: Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հրահանգել է 24 ժամով փակել բոլոր լողափերը եւ քաղաքային այգիները: Ըստ նրա՝ իշխանությունները չեն պատրաստվում  փրկարարներին ծով ուղարկել «ինչ-որ մեկի հիմարության պատճառով»: Հարեւան Նյու Ջերսի նահանգում նախորդ աղետից տուժած բնակիչների համար տարհանումը պարտադիր է:

«Սենդի» փոթորիկը ստիպել է անորոշ ժամկետով փակել Ազատության արձանը եւ Էլիս կղզին, որի կողքին գտնվում է Նյու Յորքի խորհրդանիշը: Հուշարձանը փոթորկից չի տուժել, սակայն Լիբերթի եւ  Էլիս կղզիների տարածքը ներկայումս  ողողված է ջրով, իսկ էլեկտրամատակարարումը դեռեւս չի վերականգնվել: