Այսօր՝ նոյեմբերի 7-ին Հայաստանի ԱԳՆ-ում «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակներում կազմակերպվել է հեռուստակամուրջ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հեռուստակամուրջի սկզբում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելլը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչպես նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Դեսպանները բարձր են գնահատել հայ զինծառայողների առաքելությունը Աֆղանստանում, ինչպես նաեւ երախտագիտություն հայտնել Հայաստանին միջազգային անվտանգության ապահովման գործում ցուցաբերած շարունակական աջակցության համար:
Այնուհետեւ ուղիղ կապի միջոցով միմյանց ջերմորեն ողջունել եւ մաղթանքներ են փոխանակել հայ սպաներն ու զինվորները իրենց ընտանիքների անդամների հետ:





























