Թուրքիան մտադիր է պաշտոնական հարցում ուղարկել ՆԱՏՕ-ի ղեկավարությանը՝ Սիրիայի հետ սահմանին Patriot հրթիռներ տեղակայել: Այս մասին հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ից:

«Ինչ վերաբերում է Patriot հրթիռների տեղակայմանը, այդ հարցով պաշտոնական հարցում կարվի»,-ասել է նախարարության ներկայացուցիչը, հաղորդում է «Վզգլյադը»:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Թուրքիան եւ նրա դաշնակիցները, այդ թվում ԱՄՆ-ը, քննարկել են Patriot հրթիռների օգտագործման հնարավորությունը՝ Սիրիայի կառավարական ուժերի կողմից ընդդիմադիրների ջոկատների դեմ գրոհները կանխելու համար:

Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, հրթիռները կարող են տեղակայվել ՆԱՏՕ-ի պաշտպանության համակարգի շրջանակներում: Ավելի ուշ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտնել է, որ Սիրիայի հետ սահմանին Patriot հրթիռների տեղակայման վերաբերյալ հարցում իրենք դեռ չեն ստացել: