Կանադայի ազգային գիտահետազոտական խորհուրդը պաշտոնապես հայտնել է բացառապես բիովառելիքով (առանց նավթամթերքների) աշխատող Falcon 20 քաղաքացիական օդանավի հաջող փորձարկման մասին:

Փորձարկումներին մասնակցել է միանգամից երկու օդանավ՝ թեսթավորվող Falcon 20-ը եւ անմիջապես նրան հետեւող T-33-ը: Վերջինիս շարժիչներն աշխատել են սովորական վառելիքով: T-33-ի խնդիրն է եղել տեղեկատվություն հավաքել այն նյութերի մասին, որոնք առաջանում են բիովառելիքի այրումից: Ստացված տվյալները ներկայումս մշակվում են:

Բիովառելիքը մշակել է Agrisoma Biosciences ընկերությունը, իսկ այն արտադրում են Applied Research Associates եւ Chevron Lummus Global ընկերությունները: Բիովառելիքն անվանել են ReadiJet, որի արտադրության համար հիմք են հանդիսանում մշակաբույսերի սերմերը: