Ադրբեջանական կողմը հերթական անգամ հրաժարվեց ուղիղ շփումից: Այս մասին հայտարարեց Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը նոյեմբերի 7 –ին կայացած ԵԱՀԿ-ի հերթական դիտարկումից հետո. «Թե ինչու են նրանք հրաժարվում, հասկանալի է» ,-արձանագրեց գնդապետը:
«Մենք արդեն մի քանի տարի առաջարկում ենք արդյունավետության բարձարցման նպատակով դիտարկումների ընթացքում ուղիղ շփումներ կազմակերպել` սահմանի հատումով: Ադրբեջանական կողմը համառորեն հրաժարվում է` դա հիմնավորելով մեկ Բաքվից կարգարդության բացակայությամբ, մեկ այլ բանով»,-նշեց Անդրանիկ Մկրտումյանը:
Նա հիշեցրեց, որ հայկական կողմը պատրաստ է եւ լիազորված է նման հանդիպման: «Սակայն ադրբեջանական կողմի վարքագիծը վկայում է դիտարկումների անցկացման նկատմամբ ձեւական վերաբերմունքի մասին»,-ընդգծեց նա: Մկրտումյանի խոսքով` Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների` սահմանի վրա մի քանի րոպե գտնվելն առանձնապես արդյունք չի տալիս: «Այդ իսկ պատճառով մենք ԵԱՀԿ ներկայացուցիչներին առաջարկել էինք դիտարկումները մի փոքր այլ կերպ անցակացնել. առաջին փուլում կազմակերպել տեղական հրամանատարների, իսկ հետո` գյուղապետերի հանդիպում: Նման հանդիպումներն էապես կբարձրացնեն դիտարկումների արդյունավետությունը: Բացի այդ, առաջարկում ենք երկարաժամկետ դիտարկում` մի քանի օրով, եւ միակողմանի դիտարկումներ»,-նշեց Գլխավոր շտաբի ներկայացուցիչը:





























