ԱՄՆ նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի օգտին քվեարկել են հիմնականում սեւամորթները, կանայք եւ երիտասարդները: Այս մասին է վկայում վիճակագրությունը, որը հրապարակել է CNN-ը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Այսպես, ԱՄՆ սպիտակամորթ բնակչության 59 տոկոսն աջակցել է Միթ Ռոմնիին, այն դեպքում, երբ Օբամայի օգտին քվեարկել է սեւամորթ բնակչության 93 եւ լատինոամերիկացիների՝ 71 տոկոսը:

Ավելի հաճախ Օբամայի օգտին քվեարկել են կանայք (55 տոկոս) եւ մինչեւ 29 տարեկան երիտասարդները (60 տոկոս): Միաժամանակ, 65-ից բարձր տարիքի ամերիկացիների շրջանում Օբամայի օգտին քվեարկել է ընդամենը 44 տոկոսը, իսկ 56 տոկոսը նախընտրել է Ռոմնիին:

Վիճակագրության համաձայն, ավագ դպրոցը չավարտած ընտրողների 60 տոկոսն ընտրել է Օբամային, սակայն նրա օգտին քվեարկել են նաեւ բարձրագույն կրթություն ունեցողների 55 տոկոսը: Քոլեջների շրջանավարտներն ու ուսանողները քվեարկել են Ռոմնիի օգտին:

Օբամայի օգտին քվեարկողների 60 տոկոսի եկամուտը տարեկան 50 հազար դոլարից քիչ է, այնինչ տարեկան 50 հազար դոլարից ավելի եկամուտ ունեցողները նաընտրել են Ռոմնիին:

Հանրապետական թեկնածուին նախընտրել են հավատացյալ ընտրողները: Ռոմնիի օգտին քվեարկածների 63 տոկոսը շաբաթական 1-2 անգամ այցելում է եկեղեցի, իսկ ահա Օբամայի ընտրողների 62 տոկոսն ասել է, որ եկեղեցի չի այցելում: