Ռուս փորձագետները, ովքեր ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում հետեւել են ԱՄՆ նախագահական ընտրություններին, կարծում են, որ քվեարկության ընթացքը տեխնիկական առումով թույլ էր կազմակերպված եւ դա թույլ չի տվել մեծ թվով ամերիկացիների կատարել իրենց քաղաքացիական պարտքը:
«Եթե համեմատենք Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում կայացած ընտրությունների կազմակերպման տեխնիկական կողմը, որքան էլ զարմանալի է, Ռուսաստանում այն ավելի լավ է կազմակերպված: ԱՄՆ-ում մենք ընտրատեղամասերում տեսանք հսկայական հերթեր… բազմաթիվ տեղեկություններ կային, որ շատ մարդիկ չեն հասցրել քվեարկել… Տեխնիկական առումով քվեարկությունն ԱՄՆ-ում հարմարավետ չէր ընտրողների համար»,-ասել է ՌԴ Հասարակական պալատի ընտրական գործընթացի վերահսկողության աշխատանքային խմբի ղեկավար Մաքսիմ Գրիգորեւը, ով ԵԱՀԿ առաքելության կազմում էր, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Շատ տեղամասերում, որտեղ եղել են ռուս դիտորդները, տպավորություն է ստեղծվել, որ ընտրական հանձնաժողովերի անդամները լավ պատրաստված չէին»,-ասել է Գրիգորեւն ու հավելել, որ ընտրական հանձնաժողովների անդամները չեն կարողացել պատասխանել դիտորդների մի շարք պարզ հարցերի, օրինակ՝ կարելի՞ է նկարահանել տեղամասում:
Մեկ այլ ռուս դիտորդ Ալեքսանդր Սոկոլովը նշել է, որ ԱՄՆ ընտրություններում իրեն ապշեցրել է բնակչության բարձր քաղաքացիական ակտիվությունը եւ քաղաքացիների վստահությունը, որ իրենց ձայնից շատ բան է կախված:
Նա նույնպես նշել է, որ քվեարկության ընթացքը թույլ էր կազմակերպված, որի հետեւանքը քվեարկողների մեծ հերթերն էին: «Մեզ մոտ այդպիսի հերթեր չեն լինում՝ գրեթե նույնքան թվով ընտրողների պայմաններում, քանի որ մեզ մոտ ընտրատեղամասերի թիվն ավելի շատ է: Շատ նահանգներում, ընտրատեղամասերը փակվելու ժամանակ դեռ հերթեր կային… Դրա պատճառով շատ ամերիկացիներ չեն կարողացել քվեարկել»,-ասել է Սոկոլովը:
Իր հերթին Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Օլգա Ալիմովան նշել է, որ որոշ տեղամասերում չեն պաշտպանվել դիտորդի իրավունքները: Նրա խոսքով, Թեքսասի դատախազի՝ միջազգային դիտորդների հասցեին ուղղված սպառնալիքից հետո, ԵԱՀԿ-ն պետք է հանդես գա հայտարարությամբ: «Երբ տեղամաս է այցելում ԵԱՀԿ դիտորդը, նրա առաջ պետք է կանաչ լույս վառվի… Եթե ձեր մոտ (ԱՄՆ-ում) ամեն բան ազնիվ է, մաքուր ու թափանցիկ, ուրեմն բացեք դարպասները, մենք կքայլենք, կնայենք ու կվերլուծենք, թե ինչը վերցնենք, ինչը՝ ոչ»,-ընդգծել է նա:





























