Ford-ի բելգիական գործարանի աշխատակիցները անկարգություններ են հրահրել Քյոլնում ավտոկոնցեռնի կենտրոնական գրասենյակի մոտ: Գենկում գտնվող գործարանի մոտ 100 աշխատակիցներ, որը Ford ընկերությունը մտադիր է փակել, շրջափակել են շենքի մուտքը եւ անվադողեր այրել: Մի քանի տասնյակ մարդ ներխուժել է շենք, կոտրել ապակիները եւ սկսել ճայթրուկներ պայթեցնել, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Պարզվում է, որ Ford Motor-ի Գենկի գործարանը պետք է փակեն 2014 թվականի վերջին, որի հետեւանքով շուրջ 4,5 հազար մարդ կկորցնի աշխատանքը: Եթե հաշվի առնենք նաեւ ենթապայմանագրերը, ձեռնարկությունն աշխատանք է ապահովում 10,5 հազար մարդու համար եւ քաղաքի հիմնական գործատուն է:

Ընկերության ղեկավարությունը պնդում է, որ գործարանը փակելուն այլընտրանք, ցավոք, չկա: