Այսօր՝ նոյեմբերի 7-ին, տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել Հունաստանի խորհրդարանի շենքի դիմաց, որտեղ պատգամավորները պատրաստվում են բազմամիլիարդ ծախսերի կրճատման փաթեթ ընդունել՝ ԵՄ-ից եւ ԱՄՀ-ից վարկեր ստանալու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Աթենքի Սինտագմա (Սահմանադրության) հրապարակն ամբողջությամբ լիքն է եղել բազմությամբ, թեեւ տրանսպորտը չէր աշխատում (երկօրյա գործադուլի շրջանակներում) եւ ուժեղ անձրեւ էր գալիս: Լրատվամիջոցների փոխանցմամբ, ցուցարարների թիվը հասնում է 50-60 հազարի: Քաղաքի կենտրոնում դադարեցվել է երթեւեկությունը:
Սպասվում է, որ ծախսերի կրճատման փաթեթի քվեարկությունը տեղի կունենա հինգշաբթի երեկոյան: Աջ կենտրոնամետների ու ձախ կենտրոնամետների իշխող կոալիցիան ունի բավարար թվով ձայներ՝ փաթեթն ընդունելու համար: Կոալիցիայի երրորդ ուժը՝ «Ժողովրդավարական ձախ ուժերը», հրաժարվել է աջակցել այդ հարցում:
Օրինագիծը ենթադրում է, որ Հունաստանն առաջիկա 2 տարում կկրճատի ծախսերը 13,5 մլրդ եվրոյով: Դրա դիմաց Եվրամիությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամը խոստանում են 31,5 մլրդ եվրոյի վարկ տրամադրել:





























