Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը դադարեցրել է իր աշխատանքը խորհրդարանում: Այս մասին, խորհրդարանական փոքրամասնության անունից լրագրողներին հայտնել է նրա առաջնորդ Դավիթ Բաքրաձեն, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:
Նա ընդգծել է, որ երկրում տեղի ունեցած կալանավորումները եւ դրան հետեւող հարկային ոստիկանության աշխատակիցների ներխուժումը Վրաստանի Հանրային հեռարձակողի գրասենյակ, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ ճնշումը ստիպում են մտածել, որ խորհրդարանական մեծամասնությունը պատրաստ չէ համագործակցության:
«Այս պայմաններում, երբ իշխանությունները փորձում են իրենց ձեռքը վերցնել բանակը, հեռուստատեսությունը, որոնք, ըստ միջազգային կազմակերպությունների, ամենաօբյեկտիվն են Վրաստանում, մենք հնարավոր չենք համարում երկխոսությունը խորհրդարանի պատերի ներսում եւ դադարեցնում ենք մեր աշխատանքն այդ պատերի ներսում»,-ասել է Բաքրաձեն:
Միաժամանակ նա ընդգծել է, որ ամեն ինչ կախված է հետագա իրադարձություններից եւ դա խորհրդարանի բոյկոտ չէ, այլ ժամանակավոր որոշում: Ընդդիմության բոլոր անդամները լքել են խորհրդարանը:





























