«Հրապարակը» գրում է, որ «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն, ՀՀՇ կուսակցությունը պետք է սեպտեմբերին համագումար հրավիրեր: Կանոնադրային այդ խախտումը կուսակցությունը որոշել էր շտկել նոյեմբերին, սակայն այս ամսին եւս համագումար չի հրավիրվի:
«Պատճառը միայն այն չէ, որ ՀԱԿ-ը դեռ չի կողմնորոշվել նախագահական ընտրությունների հարցում, կան ավելի «նուրբ» հանգամանքներ. ՀՀՇ շարքերում դժգոհություն կա ԲՀԿ-ի հետ համագործակցության առնչությամբ, եւ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, եւ ՀԱԿ-ը պաշտպանի ԲՀԿ թեկնածուին, ապա ՀՀՇ-ում լուրջ զարգացումներ կընթանան, որն էլ իր արտահայտությունը կգտնի առաջիկա համագումարում:
«Քաղաքական իրավիճակի հետ կապված կանոնադրական թեթեւ խախտում, այո, եղավ, այնուհանդերձ, համագումարը մինչեւ հունվար անպայման տեղի կունենա. տղաները կգան Դուբլինից, ուր պետք է մասնակցեն Եվրոպայի լիբերալների համագումարին, հաջորդ 1-2 օրվա ընթացքում քաղխորհրդի նիստ կհրավիրենք, կքննարկենք, կորոշենք համագումարի օրը, կլուծենք դահլիճի հարցը»,- ասաց ՀՀՇ փոխնախագահ Վահագն Հայոցյանը: ՀՀՇ նախագահ կրկին Արամ Մանուկյանի՞ն կընտրեք` հարցրինք: «Այո, իհարկե, չնայած նման հարց դեռ չի քննարկվել. այլ թեկնածու մենք չենք էլ դիտարկում»:
Իսկ «դիտարկողներ» կան: Մեր տեղեկություններով, քննարկվում է նաեւ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի թեկնածությունը: Հիշեցնենք` ՀՀՇ վարչության նախագահն ուղիղ չի ընտրվում. նրան ընտրում է վարչությունը»:




























