Հունաստանի խորհրդարանը հաստատել է բյուջետային տնտեսման  նոր փաթեթը, որը նախատեսում է ծախսերի կրճատում 18,5 միլիարդ եվրոյով: Օրինագծին են քվեարկել 299 պատգամավորներից 153-ը: 

Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, փաստաթուղթն ուժի մեջ կմտնի մինչեւ 2016 թվականը: Այն ենթադրում է կենսաթոշակային տարիքի բարձրացում՝ մինչեւ 67 տարեկան,  սոցիալական  մի շարք նպաստների վերացում եւ պետական հատվածում նվազագույն աշխատավարձի կրճատում:  Նման փաթեթի ընդունումը գլխավոր պայմանն էր, որը Հունաստանին առաջադրել էին միջազգային վարկատուները՝ հերթական ֆինանսական 31,5 միլիարդ եվրոյի չափով օգնությունը տրամադրելու համար, հայտնում է Lenta.ru-ն:

Խորհրդարանում նոր փաթեթի քննարկումը եւ քվեարկությունը տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիային զուգահեռ: Աթենքում բյուջետային տնտեսման  դեմ ցույցը, որին մասնակցել է 70 հազար մարդ, վերաճել է ոստիկանության հետ բախման: Ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք եւ ոստիկանների վրա դյուրավառ նյութերով շշեր են նետել: Ոստիկանությունն ի պատասխան արցունքաբեր գազ է կիրառել եւ հատուկ այլ միջոցներ: