Վասիլի Կանդինսկու «№8 իմպրովիզացիայի էսքիզ» կտավը Նյու Յորքի Christie`s աճուրդում  վաճառվել է նկարչի համար ռեկորդային` 23 մլն դոլարով: Նկարչի աշխատանքների նախկին ռեկորդը սահմանել է «Ֆուգա» կտավը, որը 1990 թ.-ին վաճառվել է  20,9 մլն դոլարով:

Նկարը գտնվել է Շվեյցարիայի Ֆոլկարտ եղբայրների հավաքածուի ֆոնդում: 1960 թ.-ին ֆոնդը կտավը ցուցադրության համար տրամադրել էր Վինտերտուրայի Գեղարվեստական թանգարանին, որտեղ էլ այն մինչեւ հիմա պահպանվում էր, հաղորդում է Կոմերսանտը:

Վաճառքում  ներկայացվել են նաեւ Կլոդ Մոնեի, Պաբլո Պիկասոյի, Խուան Միրոյի, Կամիլ Պիսսարոյի եւ Մարկ Շագալի աշխատանքները: Աճուրդի ամենաթանկ աշխատանքը  դարձել է Մոնեի «Ջրաշուշաններ» կտավը, որը ստեղծվել է 1905թ.-ին: Կտավը վաճառվել է 43,7 մլն դոլարով:

Ընդհանուր առմամբ, աճուրդը  չի արդարացրել կազմակերպիչների սպասելիքները: Մի շարք աշխատանքներ վաճառվել են ցածր գներով, իսկ Մարկ Շագալի եւ Էդգար Դեգայի նկարները ընդհանրապես գնորդ չեն գտել: Աճուրդի հաջորդ փուլը, որի ժամանակ վաճառքի կհանվեն իմպրեսիոնիստների եւ ժամանակակից նկարիչների աշխատանքները, տեղի կունենա նոյեմբերի 8-ին Նյու Յորքում: