Հակաիսլամական «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հեղինակ Նակուլա Բեսլի Նակուլային մեկ տարվա բանտային կալանքի են դատապարտել՝փորձնաժամկետի պայմանները խախտելու համար: Նա խոստովանել է, որ չորս անգամ խախտել է 2010թ. խաբեության համար պատժաժամկետից վաղաժամկետ ազատվելու պայմանները:
ВВС-ն նշում է, որ նրան առաջադրված մեղադրանքներից ոչ մեկն աղմկահարույց «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին չի վերաբերում:
55-ամյա Նակուլան 12 ամիս կանցկացնի բանտում, հետո չորս տարի բանտի պատերից դուրս, բայց ոստիկանության վերահսկողության տակ: Մեղադրող կողմը երկու տարվա ազատազրկում էր պահանջում:
Նակուլան 2010թ. 21 ամսվա ազատազրկման էր դատապարտվել ավելի քան տասնյակ կեղծանուններով բանկում շուրջ 60 հաշվեհամար բացելու հետ կապված մեքենայությունների գործով, հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:
Los Angeles Times թերթի տվյալներով, բանտում եղած ժամանակ Նակուլան ընթերցել է ղուրանը, որպեսզի իսլամը քննադատելու միջոցներ գտնի: Ազատվելուց հետո նրան արգելել էին 5 տարվա ընթացքում համացանցից օգտվել՝ առանց ոստիկանության թույլտվության:
Նակուլան, որը հայտնի է նաեւ Սեմ Բասիլ եւ Մարկ Բասլեյ Յուսեֆ անունով, ձերբակալվել էր սեպտեմբերին: Ենթադրվում է, որ նա եգիպտական ծագմամբ քրիստոնյա ղպտի է:
Հիշեցնենք,ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը բողոքի ալիք էր բարձրացրել Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ ասիական մի շարք երկրներում: Մարդկանց կատաղած ամբոխները գրոհել էին Եմենում, Եգիպտոսում, Թունիսում, Սուդանում եւ Լիբիայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի դեսպանատները: Լիբիայում զոհվել էր ԱՄՆ-ի դեսպանը:





























