ԱՄՆ-ի Պետդեպի հատուկ ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը ճեպազրույցի ընթացքում հաստատել է, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտադիր է լքել պաշտոնը:
«Չեմ կարծում, թե պետքարտուղարի ծրագրերը փոխվել են: Դուք գիտեք, նա բազմիցս նշել է գործերը իր հաջորդին փոխանցելու եւ անձնական կյանքին վերադառնալու մտադրության մասին», - ասել է դիվանագետը:
ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի ամենահավանական թեկնածուներն են ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը, Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրին եւ Նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Թոմաս Դոնիլոնը, գրում է «Ռոսբալտը»:
Նշենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ Քլինթոնն Օբամայի պաշտոնավարման ընթացիկ ժամկետի ավարտից հետո կլքի պաշտոնը: Պետքարտուղարը հայտնել էր, որ մտադիր չէ շարունակել աշխատել իշխանական կառույցներում եւ ցանկանում է վերադառնալ սովորական կյանքին:
65-ամյա Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնն զբաղեցնում է 2009թ.-ից: Մինչ այդ ԱՄՆ-ի Սենատի անդամ էր Նյու Յորք նահանգից, նաեւ՝ 2008թ. նախագահական ընտրություններին պայքարում էր դեմոկրատական թեկնածու դառնալու համար: Նրա ամուսին Բիլ Քլինթոնն ամերիկյան 42-րդ նախագահն էր:




























