Թբիլիսիում նոյեմբերի 8-ի առավոտյան սկսվել է քաղաքային ավտոբուսների վարոդների նախազգուշական գործադուլը. բողոքում են վրացական մայրաքաղաքի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր երեք հավաքակազմերի քաղաքային ավտոբուսների վարորդները՝ ավելի քան 1300 մարդ: Գործադուլը կտեւի 1 օր:
Նրանք աշխատանքային պայմանների բարելավում, աշխատավարձերի բարձրացում եւ բուժծառայությունների արտոնություն են պահանջում:
Նախազգուշական գործադուլ հայտարարելու որոշումը վարորդները կայացրել էին նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը՝ Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, որոնք հրաժարվել էին բավարարել առաջադրված պահանջները:
Ինչպես հստակեցնում է «Նովոստի Գռուզիան», Թբիլիսիում քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են ավտոբուսներն ու մետրոն: Դրանցից բացի, բնակչությանն սպասարկում են նաեւ քաղաքապետարանում մրցույթը շահած մասնավոր ընկերությանը պատկանող միկրոավտոբուսները, նաեւ՝ մասնավոր տաքսիները:
Թբիլիսիի քաղաքապետարանը պնդում է, որ այս տարի հնարավոր չէ բարձրացնել ավտոբուսի վարորդների աշխատավարձը:
«Քաղաքապետարանի տրանսպորտային ծառայությունը վարորդների աշխատավարձի բարձրացման միջոցներ չունի», - ասել է մայրաքաղաքային տրանսպորտային ծառայության ներկայացուցիչը: Նա նշել է, որ երեք ամիս առաջ ավտոբուսի վարորդների աշխատավարձը բարձրացվել է 16%-ով:




























