Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը ահազանգել է թուրքերի դեմ ծառացած «մեծ վտանգի» մասին»։ Նա հայտարարել է, թե արտասահմանում ապրող 4 հազար թուրք երեխա քրիստոնեացվել են։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը Թուրքիայի խորհրդարանի բյուջետային հանձնաժողովում ներկայացրել է Կրոնական հարցերով վարչության, Թուրքական համագործակցության եւ համակարգման գործակալության եւ Արտասահմանում ապրող թուրքերի եւ ազգականների վարչության համար բյուջեի 2013-ի ծախսերի նախագիծը։

Բեքիր Բոզդաղը բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ հայտարարել է, թե արտասահմանում առանց ծնողների ապրող թուրք երեխաներին քրիստոնեացնում են։  «Մի մեծ ձուլման վտանգի առաջ ենք։ Արտասահմանում ապրող առանց ծնողների 4 հազար թուրք երեխաներ հանձնվել են քրիստոնեա ընտանքիների, որտեղ էլ նրանք քրիստոնեացվել են»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետը։

Իսկ հետաքրքիր է՝ ձուլման վտանգների մասին հասկացած թուրք փոխվարչապետը մի օր կխոսի՞ դարերի ընթացքում թուրքերի կողմից բազմաթիվ ազգերի ներկայացուցիչների բռնությամբ թրքացման եւ մահմեդականացման մասին։

Արթուր Հակոբյան