Թուրքական մամուլում հայտնված այն տեղեկությանը, թե Սիրիայի հետ սահմանին Patriot հրթիռներ տեղակայելու համար Թուրքիան դիմել է ՆԱՏՕ-ին, իրարամերժ հայտարարությամբ են հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողի հարցին ի պատասխան, հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն պատրաստվում է Թուրքիային ամերիկյան Patriot հրթիռներ տրամադրել։
Իր հերթին, այցով Ինդոնեզիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է այս տեղեկությունը՝ ասելով. «Մենք ՆԱՏՕ-ից հրթիռներ չենք պահանջել։ Այդ տեղեկություններն անհիմն են»։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը եւ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդը եւս հերքել են մամուլում տեղ գտած լուրերը՝ շեշտելով, որ Թուրքիայից հրթիռների հետ կապված իրենց ոչ մի պահանջ չի եղել։





























