Պաշտպանության նախարարության Գույքային հարաբերությունների  վարչության նախկին ղեկավար Եվգենիա Վասիլեւան, ով համարվում է «Օբորոնսերվիս» ընկերության շուրջ  ծավալված սկանդալի դերակատարներից մեկը, գտնվում է հիվանդանոցում` իրավապահների հսկողության ներքո, այլ ոչ թե լքել է երկիրը, ինչպես հաղորդվել էր նախկինում:

Քննիչները դեռեւս չեն կարողանում հարցաքննել նրան, գրում է «Կոմերսանտը»: Կինը, ով ըստ տարածված լուրերի, հանդիսանում է Պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնից հեռացված Սերդյուկովի սիրուհին, թեթեւ վիրահատության է ենթարկվել:

Քննիչները հոկտեմբերի 25-ին Վասիլեւայի բնակարանում խուզարկություն են իրականացրել, որի ժամանակ  նրանից առգրավվել են 3 մլն ռուբլի, անտիկվար իրեր, մի քանի տասնյակ նկարներ, 3 մլն դոլարի թանկարժեք զարդեր եւ ոսկերչական իրեր:

Ավելի վաղ «Օբորոնսերվիս» հոլդինգի գույքի, հողատարածքների եւ բաժնետոմսերի իրացման մեքենայությունների գործով միանգամից հինգ քրգործ էր հարուցվել:

Նոյեմբերի 6-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքից հեռացրել էր պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին խոշոր սկանդալի պատճառով: Նա նշել էր, որ համապատասխան որոշումը կայացվել է անաչառ դատաքննություն ապահովելու համար: