Թուրքական հերթական ապատեղեկատվությունը հերքելու համար քիչ առաջ հաղորդագրություն է տարածել սիրիահայերի օգնության՝ «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբը, որում մասնավորապես նշնված է. «Թուրքական եւ նրանց հետեւած մի շարք լրատվամիջոցներ շտապել են լուրեր տարածել, թե իբր թուրքական կողմի պահանջով Հայաստանից Սիրիա ուղեւորվող «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հումանիտար բեռով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Էրզրումում։ Դա իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվություն է։
Ըստ թուրքական կողմի հետ նախապես ձեռք բերված եւ հաստատված թռիչքուղու՝ «Էր Արմենիա» ընկերության բեռնատար ինքնաթիռը վայրէջքը պիտի կատարեր Էրզրումում։ Այսինքն՝ այն պլանային էր, վայրէջք պիտի կատարվեր Էրզրումում՝ զննում անցնելու համար։ Այդպես էր նաեւ նախորդ անգամ։ Մեր գլխավոր եւ միակ խնդիրը հումանիտար աղետ ապրող Սիրիահայ համայնքին եւ առհասարակ կարիքավոր սիրացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելն է, ինչին եւ ուղղված էլ մեր նախաձեռնությունը։
Արդեն օդանավը դուրս է եկել Էրզրումից եւ մեր ժամանակով ժամը 14:00-ին վայրէջք կկատարի Հալեպում։
Համոզված ենք, որ այս անգամ էլ ինքնաթիռը բարեհաջող տեղ կհասնի եւ կվերադառնա՝ իրականացնելով մեր մարդասիրական առաքելությունը»։
Տեղեկացնենք, որ օդանավն արդեն վայրէջք է կատարել Հալեպում:





























