Վրաստանի թիվ 15 Քսանի ուղղիչ գաղութում պատիժը կրող բանտարկյալի ընտանիքը օգնություն է խնդրում: Դավիթ Մինասովի ընտանիքի անդամները հայտնում են, որ «բանտարկյալին բանավոր եւ ֆիզիկական վիրավորանքներ է հասցնում բանտի աշխատակից Մամուկ Շալամբերիձեն», հայնում է « Գրուզիա Օնլայնը»: Ընտանիքը կոչ է անում Սոզար Սուբարիին հեռացնել աշխատակցին զբաղեցրած աշխատանքից:
Բանտարկյալի մոր հաղորդմամբ, որպես բողոքի նշան, որդին մի քանի օր առաջ կտրել է կոկորդը, իսկ այսօր նրա առողջական վիճակը ծանր է: Պատժամիջոցների կատարման նախարարությունում հայտնում են, որ ծանոթ են Դավիթ Մինասովի գործին, բանտարկյալի կյանքի վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ Քսանի գաղութում անկարգությունները սկսվել են անցյալ շաբաթ: Մոտ 2 հազար բանտարկյալներ հացադուլ էին հայտարարել` պահանջելով ուղղիչ հաստատության ղեկավարի հրաժարականը: Ակցիայի մասնակիցները վստահեցնում են, որ բանտի աշխատակազմը սպառնում է նրանց դաժանորեն պատժել: Նրանք հեռոխոսով պահանջել են իրենց բարեկամներից շուրջօրյա հսկողություն սահմանել բանտի պատերի տակ: Նոյեմբերի 5-ին բախում էր տեղի ունեցել բանտարկյալների ազգականների ու պահակախմբի միջեւ: Որպես բողոքի նշան` 15 բանտարկյալ կարել էին բերանները:
Այդ ժամանակ էլ տեղեկություն էր տարածվել Դավիթ Մինասովի մասին, ով փորձել էր կտրել կոկորդը եւ հրաժարվել բուժօգնությունից: Բանտարկյալի քույրը հայտնել էր, որ նա թույլ չի տվել բժիշկներին կարեր դնել:
Հաղորդագրություն է տարածվել նաեւ այն մասին, որ գաղութի տնօրեն Նուքրի Խուխուան հրաժարական է տվել, սակայն շուտով նա հերքել է այդ լուրը:





























