Տավուշի մարզում աֆրիկյան ժանտախտով հիվանդ խոզերի անկման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:

Ինչ վերաբերում է օրեր առաջ Տավուշի մարզում արձանագրված գոմեշի անկմանը, ապա երեկ ուշ երեկոյան լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ սատկած կենդանին սիբիրախտով է վարակված եղել: «Տավուշի մարզը գտնվում է խիստ վերահսկողության ներքո, տեսուչները եւ անասնաբույժները վերահսկում են իրավիճակը»,-նշեց Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով` վերջին դեպքերից հետո մարդիկ դարձել են շատ ավելի զգուշավոր, կամայական կասկածի դեպքում ահազանգում ու ամեն ինչ տեղում ստուգվում է:

Նշենք, որ մամուլում շրջանառվում էր տեղեկատվություն, որ Տավուշի մարզի Կոթի համայնքում մեկուկես ամսվա ընթացքում աֆրիկյան ժանտախտից 100-ից ավելի խոզ է սատկել։