«Կասպերսկիի լաբորատորիայում» հայտնաբերել են, որ ռուսական առաջատար մի քանի խոշոր լրատվամիջոցների կայքեր իրենց այցելուներին «բաժանել են» լրտեսական տրոյական ծրագիր:

 Վարակվել են «Vesti.ru», «Gazeta.ru», «Վզգլյադ», «Ura.ru» կայքերը եւ «Ինտերֆաքս» գործակալությունը: Հաքերներն այս ինտերնետային լրատվամիջոցների էջերում ներդրել են հատուկ ֆրեյմ` վնասաբեր կոդ, որը վարակված էջերի այցելության դեպքում օգտատերերին տեղափոխում է հաքերական կայքեր, որտեղից էլ մեխանիկորեն ներբեռնվում է տրոյական ծրագիրը` Lurk լրտեսը: Գրոհը բացահայտվել է հոկտեմբերի վերջին:

«Կասպերսկիի լաբորատորիայի» տվյալներով` վնասաբեր դոմեններ ամեն օր այցելել են 1,5 հազար օգտատերեր, ինչն այդքան էլ շատ չէ, եթե հաշվի առնենք գրոհի ենթարկված կայքերի այցելությունների թիվը: Դա պայմանավորված է նրանով, որ չարամիտները վնասակար կոդերը կայքերում տեղադրել են կարճ ժամանակով` 30-90 րոպե:

Մասնագետների կարծիքով, հավանաբար դրա պատճառը վեբ-մասնագետների եւ հակավիրուսային ընկերությունների աչքից երկար ժամանակ աննկատ մնալն է եղել:

«Լաբորատորիայի» մասնագետները կապ են հաստատել վարակված լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ փոխանցել են խնդրի վերացման համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը: