Նյու Յորք նահանգում աշխատանքից հեռացրել են արտակարգ իրավիճակների գլխավոր կառավարիչ Սթիվեն Քուրին, որը փրկարարական խմբին ուղարկել էր Լոնգ Այլենդի իր տուն՝ ճանապարհից «Սենդի» փոթորկի հետեւանքով տապալված ծառը հեռացնելու համար: Նրան մեղադրել են  լիազորությունները գերազանցելու եւ իշխանությունը չարաշահելու համար:

Ինչպես տեղեկացնում է The New York Times-ը, Սաֆոլքում (Նյու Յորքի շրջան) բնակվող Սթիվեն Քուրը գտնվում էր Նյու Յորք նահանգի կենտրոն Օլբանիում, երբ որոշել է իր տան ճանապարհը մաքրելու ուղարկել փրկարարական խմբերին, որոնք առանց այդ էլ չեն հասցնում վերացնել ավերիչ փոթորկի հետեւանքները: Հենց որ իշխանություններին հայտնի է դարձել այդ մասին, նրան անհապաղ հեռացրել են աշխատանքից, գրում է NEWSru.com-ը:

Սթիվեն Քուրը ղեկավարում էր Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը, որը համակարգում է տարերային աղետներից տուժածներին օգնություն ցուցաբերելը: Նրա աշխատավարձը տարեկան 153 հազար դոլար էր: