Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել Զամիրժան Օտաժոնովի հայտարարությունները: 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նա Ուզբեկստանի քաղաքացի է, ով նախորդ ամիս արտաքսվել էր Հայաստանից: Ըստ ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի հայտարարության` 33-ամյա Զամիրժան Օտաժոնովը սեպտեմբերի  24-ին անձնապես դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին եւ առաջարկել 20 հազար դոլարի դիմաց ահաբեկչություն կազմակերպել Բաքվում: Իր խոսքերը Օտաժոնովը հիմնավորել է նրանով, որ 2012 թվականին ինքն աշխատել է Բաքվի շինարարական կազմակերպություններից մեկում, սակայն տվյալ կազմակերպության տնօրինությունը հրաժարվել է վճարել աշխատանքի դիմաց, այդ պատճառով էլ ինքն սկսել է ատել բոլոր ադրբեջանցիներին:  

Անցկացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ նա Հայաստանի ԱԱԾ-ի մարմիններ դիմել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ցուցումներով, եւ նրա գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ սադրանք: Զամիրժան Օտաժոնովը Հայաստանից արտաքսվել է: Սակայն հարեւան երկրի հատուկ ծառայությունները դրանով չեն հանդարտվել եւ որոշել են տաջիկական ծագմամբ ուզբեկի խաղաքարտը «խաղարկել» մինչեւ վերջ:

Հայաստանից արտաքսված Օտաժոնովը, ինչպես եւ սպասելի էր, նորից բեմում է հայտնվում` այս անգամ Բաքվում: Այստեղից նա աչքերի անմեղ արտահայտությամբ պատմել է, իսկ ադրբեջանական լրատվամիջոցներն էլ թմբկահարում են «տխուր» պատմությունը:

Ըստ Օտաժոնովի` հոկտեմբերի 24-ին ինքը Վրաստանում բուժվելիս է եղել: Այնտեղից պետք է Ռուսաստան մեկներ, սակայն Թբիլիսիում  տոմս չլինելու պատճառով նրան առաջարկել են թռչել Երեւանով, ինչին նա տոմսի էժանության  համար համաձայնել է:  Ժամանելուն պես նրան իբրեւ թե ձերբակալել են  Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները:  Այնուհետեւ հաջորդում են  տանջանքների եւ ստորացուցիչ վերաբերմունքի մասին մեղադրանքները: Իբր նա խոստովանական ցուցմունք է տվել ճնշման տակ:

Ինչպես պարզվել է հետագայում,  իր հասցեին ուղղված մեղադրանքների մասին Օտաժոնովն իմացել է սոցիալական կայքերից մեկից: Ինչո՞ւ ծեծված, ստորացված եւ թալանված Օտաժոնովն անմիջապես Թբիլիսիի, Մոսկվայի կամ Ուֆայի իրավապահ մարմիններին չի դիմել, մշուշապատ  գաղտնիք է: Հայտնի է միայն, որ նա մտադիր է հասնել «ճշմարտության»` դիմելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: 

Վերը թվարկված անհեթեթությունը եւ անհամապատասխանությունները Հայաստանի ԱԱԾ-ում հրաժարվել են մեկնաբանել, պատճառաբանելով, որ  ավելի վաղ Օտաժոնովի արտաքսման մասին հայտարարվել էր: Հայաստանում Ուզբեկստանի դեսպանատանը (նստավայրը` Մոկվա) նույնպես  չեն շտապում հստակեցնել Զամիրժան Օտաժոնովի ինքնությունը: