Վայրի փղերի հոտը քարուքանդ է արել հնդկական գյուղը: Սկզբում 50 կենդանիներ մտել են մի քանի պարենային պահեստներ, որոնցից մեկում նրանք բրնձի գարեջրի տակառներ են գտել: Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` խելագարված կենդանիներն սկսել են ջարդուփշուր անել ինչ պատահի:

«Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով The Daily Telegraph-ը, հայտնում է, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի Դումուրկոտա գյուղում: Մասնագետների վկայությամբ, այս նահանգում փղերը ուտելիք գտնելու համար հաճախ են դուրս գալիս անտառից` փչացնելով բրնձի դաշտերն եւ ավերելով ամբարները:

Փղերի նման պահվածքի պատճառ է հանդիսանում կենդանիների թվի ավելացումն ու նրանց բնակության համար նախատեսված բնական միջավայրի ոչնչացումը:

«Քանի որ այս կենդանիները բնակվում են մարդկանց անմիջական հարեւանությամբ, նրանք զգացել են ալկոհոլի հոտը: Նրանք նման են եղել հարբած մարդկանց. ագրեսիվ եւ անխոհեմ, սակայն առավել մեծ չափերով»,-հայտնել է ոստիկանության մամուլի քարտուղար Ասիշ Սամանաթը, փոխանցում է «Utroո.ru»-ն: Նրա խոսքով, այս փղերը հոտի մի մասն են, որը կազմված է 120 կենդանիներից: