Լիբիայի Բենղազի քաղաքի զինվորական դատարանը Մուամար Քադաֆիի բանակի 5 սպաների մահապատժի է դատապարտել՝ գնդակահարության միջոցով:
Լիբիական LANA գործակալությունը հայտնում է, որ Բենղազիի դատարանի որոշումը երկրում քաղաքացիական պատերազմից հետո առաջին մահապատժի վճիռն է Քադաֆիի կողմնակիցների նկատմամբ:
Եւս երեք զինվորականներ ենթարկվել են 10 տարվա ազատազրկման: Նրանք բոլորը մեղադրվում են խաղաղ բնակչությանն սպանելու եւ կանանց բռնաբարելու մեջ, հաաղորդում է գործակալությունը: Նշվում է, որ սպաների նկատմամբ մահապատժի դատավճիռը կայացվել է հեռակա կարգով:
Հիշեցնենք, որ 2011-ի փետրվարին Լիբիայում զանգվածային ցույցեր սկսվեցին՝ Մուամար Քադաֆիի պաշտոնանկության պահանջով, ով երկիրը ղեկավարում էր 40 տարուց ավելի: Հետագայում այդ ցույցերը վերաճեցին կառավարական զորքերի, այդ թվում վարձկանների եւ ընդդիմադիր ապստամբների միջեւ բախումների: Շուրջ 10 ամիս տեւած քաղաքացիական պատերազմի հետաւանքով ապստամբներին հաջողվեց վերահսկողություն հաստատել ողջ երկրի տարածքում: Քադաֆին սպանվեց 2011-ի հոկտեմբերի 20-ին՝ իր հայրենի Սիրտ քաղաքում:




























