Ամերիկյան Apple ընկերության բաժնետոմսերը Nasdaq բորսայում գրանցել են վերջին 5 ամիսների ամենացածր ցուցանիշը: Ընկերության բաժնետոմսերը կորցրել են արժեքի ավելի քան 20 տոկոսը:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Apple-ի բաժնետոմսերի արժեքը նոյեմբերի 7-ին կազմել է մեկ բաժնետոմսի համար 558 դոլար, Apple-ի կապիտալիզացիան նվազել է 130 մլրդ-ով` հասնելով 524,9 մլրդ դոլարի:

Ինչպես գրում է NEWSru.com-ը, ներդրողները վախենում են բջջային հեռախոսների շուկայում աննախադեպ մրցակցության սրացումից, մասնավորապես Samsung Electronics-ի կողմից: Սմարթֆոնների համաշխարհային շուկան, IDC վերլուծական ընկերության տվյալներով, գլխավորում է Samsung-ը:

Բջջային պլատֆորմների հարաբերակցությունը նույնպես Apple-ի օգտին չէ. սմարթֆոնների համաշխարհային շուկայում Google Android-ի բաժինը գրեթե կրկնապատկվել է երրորդ եռամսյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եւ կազմել շուկայի 3/4-ը, այն դեպքում, երբ Apple iOS-ը կազմել է շուկայի 15 տոկոս:

Համակարգչային պլանշետների սեգմենտում Apple-ն առաջատար է մնում. iPad -ի գծով նրա պլանշետները զբաղեցրել են շուկայի 50 տոկոսը, այն դեպքում, երբ Samsung-ին բաժին է հասել 18 տոկոսը: Սակայն Apple-ի մասնաբաժինն այս սեգմենտում աստիաճանաբար նվազում է: