Ուկրաինայի կոմունիստները նպատակ չունեն ստեղծել որեւէ կոալիցիա, այդ թվում, նռր գումարման Գերագույն Ռադայի «Ռեգիոնների կուսակցության» հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Կոմկուսի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն: Միեւնույն ժամանակ Սիմոնենկոն նշել է, որ Կոմկուսը հնարավոր է համարում այլ խմբակցությունների հետ միասնական քվեարկության հնարավորությունը, հաղորդում է «Ուկրաինսկի նովոստին»:

Նշենք, որ ներկայիս գումարման խորհրդարանում, կոմկուսը «Ռեգիոնների կուսակցության» եւ Ազգային կուսակցության հետ միասին կոալիցիա է կազմել:

Նախորդ գումարման խորհրդարանում նույնպես ՈՒԿԿ-ն մտնում էր կոալիցիայի մեջ:

Խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 28-ին: Նախնական տվյալներով, համամասնական ընտրակարգով «Ռեգիոնների կուսակցությունն» ստացել է ձայների 30 տոկոսը, Կոմկուսը` մոտ 13 տոկոս: Խորհրդարան է անցել նաեւ ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցությունը (25 տոկոս), Վիտալի Կլիչկոյի «Ուդառ»-ը (15 տոկոս) եւ ազգային «Ազատությունը»:

Հիշեցնենք, որ ուկրաինական  ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցները նոյեմբերի 5-ից շրջափակել էին ԿԸՀ-ի շենքը. նրանք պնդում են, որ Գերագույն ռադայի ընտրությունները կեղծվել են եւ ԿԸՀ-ից պահանջում են վերանայել մեծամասնական 13 ընտրատարածքների արդյունքները:

Նոյեմբերի 5-ի երեկոյան հայտնի է դարձել, որ ԿԸՀ-ն որոշել է վիճահարույց 5 ընտրատարածքներում  վերընտրություններ անցկացնել: Ինչպես հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը, ընդդիմությունը դժգոհ է այդ որոշումից, քանի որ 13 տարածքների արդյունքների վերանայում էր պահանջել: Այնուամենայնիվ, նրանք կարծում են, որ 5 տեղամասերի որոշումը նշանակում է, որ ընդդիմությունն իշխանության ներկայացուցիչներին խանգարել է զավթել հաղթանակը:

Ըստ ԿԸՀ-ի` Ռադայի ընտրություննեում «Ռեգիոնների կուսակցությունն» ունի 187 մանդատ, միացյալ ընդդիմություն «Բատկիվշչինան»` 103 մանդատ,  «Ուդառ»-ը` 40, Կոմկուսը` 32, «Ազատությունը»` 37, «Միասնական կենտրոնը»` 3, Ժողովրդական կուսակցությունը` 2, Արմատական կուսակցությունը եւ «Միությունը»` մեկական մանդատ: