«Օրինաց երկիր» կուսակցությունը ծանոթ է թե «Բարգավաճ Հայաստանի», թե Հայ հեղափոխական դաշնակցության հայտարարություններին, սակայն ոչ մի ուժի կողմից առայժմ քաղաքական քննարկումներին մասնակցելու առաջարկ չեն ստացել: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Քաղաքական քննարկումներին մասնակցելու առաջարկ ստանալու դեպքում նա չի կարող նշել, թե ինչպես կվարվի կուսակցությունը, քանի որ այդ մասով ՕԵԿ-ը դեռ որոշում չունի: Իր անձնական կարծիքով` այդ հայտարարություններում բարձրացվող խնդիրները երկարաժամկետ լուծումներ են պահանջում, մեկ ամսում հնարավոր չէ դրանք լուծել եւ քանի որ շուտով մեկնարկելու է նախնընտրական փուլը, դրանք ժամանակավրեպ են:

«Կան կետեր, ինչպես օրինակ` կառավարման խորհրդարանական համակարգի անցում, որոնց համար ժամանակ է պետք եւ բավականին երկար ժամանակ, որպեսզի  քննարկենք, թե այդ խնդիրները որքանով են հրատապ, Հայաստանը պատրաստ է խորհրդարանական երկիր հիմնելու, թե՝ ոչ: Նախընտրական ժամանակահատվածում, նախագահական ընտրություններից առաջ տարբեր հայտարարություններով հանդես գալ եւ նման խնդիրների լուծում պահանջել, դա այնքան էլ ճիշտ չի լինի, որովհետեւ դրանք կարճաժամկետ հատվածում լուծելու խնդիրներ չեն, դրանց լուծման համար գուցեեւ տարիներ են պետք»,-ասաց Հեղինե Բիշարյանը:

Խմբակցության քարտուղարի կարծիքով` առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում դրանք հրատապ լուծում պահանջող խնդիրներ չեն, եւ այսօր, երբ մտնում ենք նախընտրական փուլ, դրանք մի քիչ ժամանակավրեպ են: Հեղինե Բիշարյանը նշեց, որ պետք է մասնակցել նախագահական ընտրություններին, որից հետո միայն այդ բոլոր հայտարարությունները դնել քաղաքական օրակարգում, բոլոր ուժերին ներգրավել եւ աշխատել:

Հեղինե Բիշարյանը շեշտեց, որ թե ԲՀԿ-ի, թե ՀՅԴ-ի  հայտարարությունների մեջ բազմաթիվ կետեր կան ընդգրկված, որոնց մասին խոսել են տարբեր քաղաքական ուժեր, այդ թվում` ՕԵԿ-ը: Դրանք են` 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցում, կոռուպցիայի վերացում, բիզնեսի եւ քաղաքականության տարանջատում, աշխատատեղերի ստեղծում եւ այլն:

Նշենք, որ նախօրեին քաղաքական քննարկումներ սկսելու մասին հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ն եւս առաջարկում էր քննարկումներ սկսել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին, կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ: Այսօր քաղաքական քննարկումներ սկսելու նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՅԴ-ն, որի կողմից առաջարկվող օրակարգում ընդգրկված են նաեւ այդ հարցերը: