Ռուսաստանը կարծում է, որ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները պահանջվող  արդյունքը չեն տալիս: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ  Ռյաբկովը: Նրա խոսքով,  այս հարցում Մոսկվան եւ Վաշինգթոնը տարբեր կարծիքներ ունեն:

«Թեեւ բոլոր ջանքերին, մենք արդյունքի չենք հասել եւ մեր եւ ամերիկացիների միջեւ պահպանվում են որոշակի տարաձայնություններ՝ իրանական քաղաքականության  շուրջ: Խոսքը պատժամիջոցների մասին է»,-ասել է Ռյաբկովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում: «Մեզ ասում են, որ պատժամիջոցներն անհրաժեշտ են բանակցություններում հաջողության հասնելու համար, սակայն նրանք պահանջված արդյունք չեն տալիս»,-նկատել է նա:

Ռյաբկովը կասկած է հայտնել, որ պատժամիջոցների նպատակը բանակցություններում հաջողություններ գրանցելն է, ինչպես նշում են դրանց հեղինակները եւ հովանավորները:

«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները մեծամասամբ ուղղված են Իրանի քաղաքական համակարգի քայքայմանը, այնտեղ սոցիալական անկայունության ստեղծմանը, որը մենք, ցավոք, նկատում ենք նաեւ աշխարհի այլ անկյուններում, առաջին հերթին Մերձավոր  Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում»,-ավելացրել է Ռյաբկովը: Ինչ վերաբերում է ուժի կիրառման  վտանգներին, ապա, նրա խոսքով, «միամիտ է կարծել, որ ուժի կիրառումը նրանց, ովքեր Թեհրանում որոշումներ են կայացնում կդրդի ինչ-որ ճիշտ որոշումներ կայացնել»: