ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբաշվիլին լքում է պաշտոնը: Այդ մասին նա հայտնել է Facebook սոցցանցի իր էջում: Նա նշել է, որ իր որոշման մասին արդեն տեղեկացրել է արտգործնախարարին:

«Ես իմ առաքելությունը եւ գործունեությունն այս պաշտոնում ավարտված եմ համարում, եւ վստահ եմ, որ Վրաստանի նոր կառավարությունը պետք է ԱՄՆ-ում նոր դեսպան ներկայացնի», - գրել է Յակոբաշվիլին եւ հատուկ շնորհակալություն է հայտնել նախագահ Սահակաշվիլիին երկրի բարօրությանը ծառայելու «յուրօրինակ հնարավորություն ընձեռելու համար»:

Ինչպես գրում է «Նովոստի Գռուզիան», վերաինտեգրման հարցերով նախկին պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին ԱՄՆ-ում արտակարգ եւ լիազոր դեսպան էր նշանակվել 2010 թվականի նոյեմբերին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի նոր արտգործնախարար Մայա Փանջիկիձեն լրագրողներին հայտնել էր, որ ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Կախա (Ալեքսանդր) Լոմայան նույնպես որոշել է լքել պաշտոնը: 

Եւ Յակոբաշվիլին, եւ Լոմայան Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի թիմի անդամներ են, որի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն իշխող քաղաքական ուժի դիրքերը կորցրել է հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո: