Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կոկորդիլոսի ծնոտն ավելի զգայուն է, քան մարդու մատները:

Որոշակի անալիզների արդյունքում Վանդերբիլդտի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները կոկորդիլոսի մռութին զգայունության անսովոր, գմբեթաձեւ օրգաններ են գտել, ասվում է Journal of Experimental Biology ամսագրում հրապարակված հոդվածում:

Գիտնականներ Քեն Քաթանիան եւ Դունքան Լեյթչը որոշել են մանրամասն ուսումնասիրել անսովոր օրգանը: Նրանք պարզել են, որ կոկորդիլոսի ծնոտի մաշկի վրա յուրաքանչյուր սենսոր գմբեթաձեւ տեսք ունի, որոնք շղթայով միանում են նյարդային վերջավորություններին: Կենսաբանները որոշել են պարզել, թե ինչի համար է կոկորդիլոսն օգտագործում այդ սենսորները: Այդ նպատակով նրանք լաբորատոր պայմաններում հետազոտել են կոկորդիլոսի արձագանքը տարբեր ազդակների, օրինակ ջրի աղայնության փոփոխությանը: Պարզվել է, որ ջրի աղիությանը գիշատիչ կենդանիները չեն արձագանքում:

Փոխարենը կոկորդիլոսն արձագանքել է տարբեր որակի ու տեսակի նյութերի հպմանը: Գիտնականները պարզել են, որ կոկորդիլոսի ծնոտի սենսորներն ավելի զգայուն են, քան մարդու մատները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Դունքան Լեյթչի կարծիքով, սենսորները կոկորդիլոսին պետք են, որպեսզի տարբերի ուտելի օբյեկտները ոչ ուտելի օբյեկտներից: