Այն հարցերը, որոնք օրակարգային կդառնան քննարկումների ընթացքում, կներկայացնենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարագավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանն` անդրադառնալով ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ քաղաքական կոնսուլտացիաների հնարավոր օրակարգին:
Իսկ թե ինչ հարցեր կդառնան օրակարգային բանակցությունների սկզբում եւ ավարտին, նա նշեց, որ կանխատեսումներ չի կարող անել: «Սկսվել է բանակցությունների որոշակի փուլ, մի շարք անձինք առաջիկայում կտան ստարտը»,- ասաց նա:
Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ ՀԱԿ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի հետ արդեն սկսում են բանակցությունների փուլ, կուսակցությունների համապատասխան մարմինները եւս քննարկումներ կունենան, ինչից հետո կներկայացնի հարցերի այն շրջանակը, որը կդառնա օրակարգային:
Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը քննարկեց ԲՀԿ-ի առաջարկը նախագահական ընտրություններին ընդառաջ համատեղ կոնսուլտացիաներ անցկացնելու վերաբերյալ: «Մեր կարծիքով, այդ կոնսուլտացիաների օրակարգը պետք է ընդլայնել, նրանում ներառելով առաջիկա նախագահական ընտրություններում ռեժիմի դեմ հասարակական եւ քաղաքական ուժերի համախմբման առարկայական մեխանիզմների եւ քայլերի ավելի ընդհանրական ծրագիր»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին քաղաքական քննարկումներ սկսելու մասին հայտարարությամբ հանդես էր եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ն առաջարկում էր քննարկումներ սկսել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին, կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ: Այսօր քաղաքական քննարկումներ սկսելու նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՅԴ-ը, որի կողմից առաջարկվող օրակարգում ընդգրկված են նաեւ այդ հարցերը:
ԲՀԿ-ի առաջարկին, ինչպես գիտեք, արձագանքել են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»:




























