Ներկայումս Սոչիում վիճակն ազգամիջյան հանդուրժողականության առումով բավարար է մնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռուսաստանի հայերի միության Սոչիի մասնաճյուղի նախագահ, «ТВЗВ» հեռուստաընկերության ղեկավար Վալերի Թորոսյանը:
Նրա խոսքով, իրավիճակի բարելավումը դժվար թե կապված լինի իրավապահ մարմինների ակտիվացմամբ: «Բոլոր դեպքերում, մենք դա չենք զգում: Խոշոր հաշվով, ամեն բան մնացել է թղթի վրա: Ավելի շուտ, խոսքը սեզոնայնության մասին է»,-նշեց Թորոսյանը, հավելելով, որ նրանք, ովքեր խախտել են հասարակական կարգը, Սոչի էին եկել հանգստանալու կամ աշխատանք փնտրելու, իսկ հետո հեռացել են: Այսպիսով, հիմք կա պնդելու, որ հանդուրժողականության «սեզոնը» կտեւի առնվազն մինչեւ հաջորդ ամառ:
Ավելի վաղ նշվել էր, որ լարվածությունը Սոչիում աճել է մայիսի 1-ից հետո, երբ քաղաքում զանգվածային ծեծկռտուք տեղի ունեցավ՝ 100 մարդու մասնակցությամբ: Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը մահացել էր ստացված վնասվածքներից: Նա մարզիկ, թաեքվոնդոյի սպորտի վարպետ, 24-ամյա Յուրի Գարանյանն էր:
Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը, ոստիկանությունը կանխել է տեղի բնակիչների եւ Սոչիի օլիմպիական օբյեկտների շինարարների միջեւ խոշոր ծեծկռտուքը, ձերբակալվել էր 250 մարդ:
Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Ադլերի շրջանի Չերեշնյա գյուղում տեղի աղջիկները երեկոյան դուրս էին եկել զբոսնելու եւ շինարար դաղստանցիներն սկսել էին չափից դուրս ջանասիրությամբ «կպչել» նրանց: Աղջիկները բողոքել էին իրենց ընկերներին ու եղբայրներին: Սոչիի հայ երիտասարդությունն իրենց աղջիկների պատիվը պաշտպանողների թիմ էր հավաքել: Կատաղած տղաները մեկնել էին օլիմպիական շինարարության ավան:
500 ոստիկաններից եւ ՕՄՕՆ-ականներից կազմված ջոկատը՝ զինված արցունքաբեր գազով եւ զրահաբաճկոններով, ձերբակալել էր 250 մարդու:





























