Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկում է քաղաքական ուժերին տրված քվեները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Ուկրաինայի ԿԸՀ-ն, իշխող Ռեգիոնների կուսակցությունը համամասնական ընտրակարգով քվեարկության արդյուքնների 100 տոկոսի հաշվարկի արդյունքում հավաքում է 30 տոկոս ձայն:
Նրան հետեւում է ընդդիմադիր «Բատկիվշչինան»՝ 25,54 տոկոսով: Երրորդ տեղում Վիտալի Կլիչկոյի գլխավորած «Ուդառ» (հարված) կուսակցությունն է, որն ստացել է 13,96 տոկոս ձայն: 4-րդ տեղում Կոմկուսն է՝ 13,18 տոկոս ձայնով, իսկ 5-րդ տեղում՝ ազգայնականների «Ազատություն» կուսակցությունն է (10,44 տոկոս):
Երկրի խորհրդարանական ընտրություններին մասնակցած մյուս քաղաքական ուժերը չեն հավաքել նվազագույն 5 տոկոս ձայն, որն անհրաժեշտ է Գերագույն ռադայում հայտնվելու համար:
ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հրապարակի մինչեւ նոյեմբերի 12-ը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 28-ին: Խորհրդարանի կեսը (225 մանդատ) ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, մյուս կեսը՝ կուսակցական ցուցակներով:




























