Ջորջիա նահանգի շուրջ 4 հազար բնակիչ Կոնգրեսի ընտրություններում քվեարկել է գիտնական Չարլզ Դարվինի օգտին: Դարվինի անունն իրենց ձեռքով են ավելացրել քվեաթերթիկներում:
Մարդկության զարգացման Էվոլյուցիոն տեսության հեղինակի օգտին զանգվածային քվեարկությունը հանրապետական կոնգրեսմեն Փոլ Բրոունի դեմ բողոքի դրսեւորում էր, որն առաջադրվել էր 10-րդ ընտրատարածքում: Ընտրություններից որոշ ժամանակ առաջ իր համակիրների հետ տեղական եկեղեցիներից մեկում հանդիպման ժամանակ նա հայտարարել էր, որ Դարվինի ուսմունքները «հենց դժոխքից եկող սուտ են», պարզաբանում է The Washington Post-ը:
Շրջանի բազմաթիվ բնակիչներ հանրապետականին մեղադրել են խավարամոլության մեջ եւ օպերատիվ հասարակական ընդդիմություն են ստեղծել, որը գործողությունների ծրագիր էր մշակել: Ընտրությունների օրը ընտրողների մի մասն անձամբ քվեաթերթիկում Բրոունի անվան կողքին գրել էր Չարլզ Դարվինի անունը եւ դիմացը նշում արել:
Արդյունքում անգլիացի գիտնականի օգտին քվեարկել էր 4 հազար մարդ, գրում է «gazeta. ru»-ն:
Մինչդեռ, չնայած Ջորջիայի բնակիչների դժգոհությանը, Բրոունին հաջողվել է վերընտրվել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Հատկանշական է, որ իր շրջանում նա առաջադրվել էր ոչ այլընտրանքային հիմունքով. մրցակից չի ունեցել:





























