Ինգուշեթիայի ղեկավար Յունուս Բեկ Եվկուրովը դեմ է հանցախմբերի սպանված անդամներին մահմեդական  ավանդույթով թաղելու՝ Չեչնիայի սահմանած արգելքին: 

«Եթե որեւէ մեկը կարծում է, որ պետք է չհանձնել մարմինները, մարդավարի չթաղել, տակառներում դրանք աղ դնել եւ այլն, ապա մենք դրանով պարզապես ահաբեկչությունն էլ ավելի կբազմապատկենք: Մեռածների հետ ի՞նչ պատերազմել։ Նրանք չկան, նրանք մահացել են: Ես կողմ եմ, որ նրանց թաղեն, եւ թող դրանից հետո ընդհանրապես մոռանան նրանց մասին», - հայտարարել է նա:

Ընդ որում, ինչպես հայտնում է ՆՏՎ-ն, իր բլոգում Եվկուրովը հիշեցրել է, որ ըստ օրենքի` ահաբեկիչների մարմինները չեն հանձնվում հարազատներին: Իսկ ահաբեկչության մասին օրենքից դուրս սպանվածներին պետք է հանձնել հարազատներին: 

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Չեչնիայի մահմեդականների հոգեւոր վարչությունն արգելել էր մահմեդական ավանդույթով թաղել հանցախմբերի սպանված անդամներին: