Իրանի ռազմական ինքնաթիռները փորձել են խփել ամերիկյան անօդաչու թռչող սարքը, որը հետախուզություն էր անցկացնում Պարսից ծոցի միջազգային օդային տարածքում: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին: Սակայն պաշտոնական Պենտագոնն այդ տեղեկությունը հաստատել է միայն նոյեմբերի 8-ին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական նեկայացուցիչ Ջորջ Լիթլը հայտնել է, որ սարքը չի վնասվել եւ բարեհաջող կայան է վերադարձել:
Ինչպես նա հստակեցրել է, ամերիկյան МQ-1 սարքի վրա, որը հայտնի է որպես Predator, կրակ են բացել ռուսական արտադրության 2 Սու-25 կործանիչներ, որոնք պատկանում էին Իրանի ռազմաօդային ուժերին, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Լիթլն ընդգծել է, որ եթե հարկ լինի, ԱՄՆ-ի զինված ուժերը կարձագանքեն նման սադրանքներին:
Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», զինվորականները կատարվածը ռազմական գործողություն չեն անվանել, սակայն հայտնել են, որ նոյեմբերի 8-ին Իրանին բողոք են հայտնել այդ միջադեպի առնչությամբ:
Այս մասին տեղեկատվությունը հաստատվել է կատարվածից մեկ շաբաթ անց, ինչն էլ լրագրողներին ստիպել է հարցնել, թե հրահանգե՞լ էր արդյոք Սպիտակ տունը չտեղեկացնել այդ մասին մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը:
Լիթլը հայտարարել է, որ Պաշտպանության նախարարությունը սովորաբար չի մեկնաբանում գաղտնի առաջադրանքները՝ ընդգծելով, որ տեղի է ունեցել տեղեկատվության արտահոսք:





























