Օխոտի ծովում խորտակված «Ամուրսկայա» բեռնանավում անձնակազմի զոհված անդամի մարմին են հայտնաբերել:
Ինչպես հայտնում է ԱԻՆ-ի Հեռավորարեւելյան շրջկենտրոնը, ջրասուզորդները նավի ներքին հատվածների խուզարկման ընթացքում զոհվածի մարմին են հայտնաբերել: Նախատեսվում է նրան դուրս բերել:
Դա ջրասուզորդների 4-րդ վայրէջքն էր, մինչ այդ մարմիններ չէին գտել: Ինչպես նշվում է Քննչական կոմիտեի Հեռավորարեւելյան վարչության կայքում, մարմինը հայտնաբերվել է բեռնանավի բնակելի խցիկներից մեկում:
Քննության ընթացքում կնշանակվի եւ կանցկացվի դատաբժշկական փորձաքննություն` տղամարդու մահվան պատճառները պարզելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ամուրսկայա» բեռնանավը հարյուրավոր տոնն ոսկու հանքաքարով եւ 9 մարդուց բաղկացած անձնակազմով հոկտեմբերի 28-ին անհետացել էր Շանտարյան կղզիների շրջանում: Նոյեմբերի 7-ին նավը գտել էին Օխոտի ծովի հատակին` 25 մ խորությունում:
Նշվել է, որ անձնակազմը կարող էր տարհանված լինել:





























