Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ԱՄՆ-ին առաջարկել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ անմիջական բանակցություններ վարել:

Ինդոնեզական Բալի կղզում ընթացող ժողովրդավարության հարցերով միջազգային համաժողովի  շրջանակում նոյեմբերի 8-ի մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները պետք է քննարկվեն Իրանի Իսլամական Հանրապետության եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունների ընթացքում, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ըստ իրանական առաջնորդի` անհրաժեշտ է պարզել, «թե ով եւ ինչու 33 տարի առաջ խզեց հարաբերություններն Իրանի հետ»: Ահմադինեջադը նաեւ դատապարտել է ԱՄՆ-ում  կայացած նախագահական ընտրությունները` դրանք անվանելով  «կապիտալիստների մարտադաշտ»:

Հիշեցնենք, որ նախօրեին լուր էր տարածվել, թե ԱՄՆ-ն դիտարկում է միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ անմիջական բանակցություններ սկսելու հնարավորությունը: Այդ մասին հայտնի էր դարձել Լոնդոնի դիվանագիտական շրջանակներից:

Մինչդեռ Իրանի իշխանությունները նախկինում հերքել էին New York Times թերթի տվյալները՝ Թեհրանի եւ Վաշինգթոնի միջեւ ուղիղ բանակցությունների մասին ձեռքբերված համաձայնության վերաբերյալ։