Վեց հոգու սպանած հանցագործ, Մոսկվայի ընկերություններից մեկի իրավաբան Դմիտրի Վինոգրադովը հանցագործությանը սկսել է պատրաստվել շուրջ մեկ տարի առաջ, հայտնել են քննիչները:
Բանտարկյալն ինքը հայտարարել էր, որ արյունահեղություն իրագործել էր ինքնահաստատվելու համար: Նրա մայրն էլ տեղեկացրել էր, որ Վինոգրադովը մանուկ հասակում ստացած հոգեբանական վնասվածքների արդյունքում ընկճախտով էր տառապում եւ մշտապես ուժեղ ազդեցությամբ դեղամիջոցներ էր ընդունում, գրում է vesti.ru-ն:
Ինչպես գրում է NEWSru.com-ը, Դմիտրի Վինոգրադովը նոյեմբերի 7-ին սպանդից մի քանի րոպե առաջ զանգահարել է ընկերուհուն, որի հետ հարաբերությունների խզումն էլ դրդել է այդ քայլին:
Դատարանում հայտնի է դարձել, որ միակը, ում Վինոգրադովը չի կարողացել սպանել, 26-ամյա Աննա Կազնիկովան է, որին մամուլում անվանում են նրա սիրեցյալ: Մեդվեդկովոյի գրասենյակի մնացած աշխատակիցներին նա կրակել է անխնա եւ նպատակադրված: Ականատեսները վկայում են, որ երբ հնչել են կրակոցները, Կազնիկովան բղավել է. «Դիմա, պետք չէ»:
«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին Կազնիկովան պատմել է իրենց հարաբերությունների մասին: Նրա խոսքով՝ Դմիտրին ուշադրության նշաններ է ցույց տվել նախորդ տարվա օգոստոսից, նրանք ընդամենը 3-4 անգամ են ժամադրվել: Հունվարի սկզբին որոշել են միասին գնալ Շոտլանդիա, դիմել են վիզա ստանալու համար: Ամեն ինչ հարթ էր ընթանում, սակայն հունվարի 3-ին աղջիկն անսպասելի SMS է ստացել Դիմայից, որում ասված էր. «Ես քեզ հետ, քած, ոչ մի տեղ չեմ գնա»: Հետո եւս մեկը. «ինչո՞ւ ես լռում, անառակ»: Հետագայում տղան իր արարքը բացատրել էր նրանով, որ «պարզապես տխրել էր», ներողություն էր խնդրել, բայց Անյան որոշել էր վերջ դնել կապին:
Այդ օրվանից Վինոգրադովը մեկ փորձել է ներողություն խնդրել, մեկ ագրեսիա է դրսեւորել, մի անգամ նույնիսկ բռունցքով հարվածել է աղջկա ուսին: Կազնիկովան նրա վարքի համար բողոքել է անվտանգության ծառայությանը, որտեղ խորհուրդ են տվել արհամարհել «հիմարին»:
«ՄԿ»-ի տվյալներով՝ Վինոգրադովն ինքը պատմել է, որ կապը խզելուց առաջ Անյայի հետ Սուզդալ են գնացել, որտեղ փորձել են սեռական հարաբերություն ունենալ, բայց իր մոտ ոչինչ չի ստացվել: Աղջիկը հերքել է այդ տեղեկությունը:
Թերթի աղբյուրը հաղորդել է, որ Վինոգրադովը հարցաքննության ընթացքում խոստովանել է, որ աղջիկների հետ շփման խնդիրներ ունի՝ «ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական»:





























