Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության վերսկսման դեպքում հայկական ուժերը անհամաչափ հարված կհասցնեն: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը The Wall Street Journal ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում:
Սարգսյանն ասել է, թե իր մտահոգությունը հարեւան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված հակամարտություն վերսկսելու պատրաստակամությամբ գնալով խորանում է:
Սերժ Սարգսյանը նշել է նաեւ, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բանակցային եղանակով լուծման:
«Ցավոք պետք է նշեմ, որ Ադրբեջանը հակամարտությունը վերսկսելու հնարավորության է սպասում: Համոզված եմ՝ նման սխալը վնաս կհասցնի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդին, սակայն հիմնական վնասը կրելու է Ադրբեջանի ժողովուրդը: Մենք լուռ չենք մնա՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ոչնչացման հնարավորության իրավիճակի դեպքում», - ասել է նախագահ Սարգսյանը:
Հայաստանի նախագահն ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ Ադրբեջանում հայերի նկատմամբ ստեղծված այլատյացության մթնոլորտին: Հարցին, թե որն է պատճառը, որ Ադրբեջանում նման հայատյացության մթնոլորտ է ստեղծվել, նա պատասխանել է. « Ավելի հեշտ է ստեղծել նման մթնոլորտ՝ խրախուսելով ատելության տարածումը, քան զբաղվել այդ մթնոլորտի հետեւանքներով եւ բեկել իրադարձությունների ընթացքը»։
Նախագահը միաժամանակ արձանագրել է, որ համաշխարհային նշանակություն ունեցող էներգետիկ միջանցքում տիրող լարվածությունն ավելանում է: Ըստ Սարգսյանի, Հայաստանի հետ սահմանակից Իրանի դեմ ուղղված հարված հասնելու դեպքում կարող են սկիզբ առնել մի շարք իրադարձություններ, որոնք կարող են նաեւ հրահրել հակամարտություն Երեւանի եւ Բաքվի միջեւ, իսկ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա լարվածության նվազեցման համար կենսական դեր ունի միջազգային հանրության ներգրավվածությունը տարածաշրջանում:
«Եթե ապրեինք միջազգային հանրության ազդեցությունից դուրս գտնվող մեկուսացված տարածաշրջանում, ապա պատերազմն արդեն սկսված կլիներ»,- արձանագրել է Հայաստանի նախագահը:




























