Եգիպտական արքայադստեր՝ վերջերս հայտնաբերված գերեզմանը մտահոգել է հնագետներին: Շերթ Նեբթին փարավոնների ընտանիքի մնացած անդամներից առանձին է թաղվել:

Հինգերորդ դինաստիային պատկանող արքայադստեր գերեզմանը հայտնաբերվել է նախորդ շաբաթվա վերջին՝ Կահիրեից հարավ գտնվող Աբու Սիր վայրում: Գերեզմանը թվագրվում է մոտավորապես  մ.թ.ա. 2500 թվականով:

Գերեզմանն անակնկալ էր չեխ հնագետների համար, քանի որ Հինգերորդ դինաստիայի անդամների մեծամասնությունն այդ վայրից 1,5 մ հեռու է թաղված, գրում է The Daily Mail-ը:

Գերեզմանը ստորգետնյա քառակուսի կառույց է՝ մասթաբայի՝ «հավերժության տան» տեսքով, որում, որպես կանոն, թաղում էին անվանի եգիպտացիներին: Արեւելյան պատի մոտ աստիճաններ կան: Գերեզմանի հարթ տանիքը չորս սյուներ են պահում: Սյուների հարավային կողմում հիերոգլիֆներով գրառումներ են՝ արքայադստեր անունը նշող, նաեւ՝ տապանագիր, որում ասված է. «Շերթ Նեբթի՝ փարավոնի դուստրը, նրա սիրելին,  Մեծ Աստծու կողմից մեծարված»:

Հնագետները գերեզմանի հարավարեւելյան ուղղությամբ նաեւ միջանցք են պեղել, որը տանում է դեպի չորս այլ գերեզմաններ, որոնցում բարձրաստիճան պաշտոնյաներ են թաղված, գրում է utro.ru-ն:

Շերթ Նեբթիի գերեզմանի ուսումնասիրությունը շարունակվում է, գիտնականները վստահ չեն, որ նրա մնացորդները դեռ այնտեղ են: Սակայն գերեզմանը հսկայական  արժեք է ներկայացնում: